38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բագրատունիների Վրաստանի թագավորություն

Բագրատունիների Վրաստանի թագավորություն
02.02.2024 | 20:22

Հայաստանի ԽՍՀՄ կազմում եղած տարիներին որոշակիորեն կտրվեց հայ հասարակության կապը իր Գոյաբանական Կոդի նախահիմքերից:

Սա բավականին ծավալուն թեմա է և արժանի է հատուկ խորացված ուսումնասիրության:

Սակայն պետք է նկատել, որ սովետական մարդու տեսակի կերտման փորձարարության ընթացքում աղավաղվեց մեր պատմական հիշողությունը: Եվ դրա ցայտուն օրինակն է միջնադարի Վրաստանում հայության պետականաստեղծ դերի անտեսումը:
Իրականում Վրաստանի թագավորությունը պիտի կոչվեր Բագրատունիների Վրաստանի թագավորություն: Երբ ուսումնասիրում ես պատմական փաստերը, ապա պարզ երևում է, որ այդ Բագրատունիները երկնքից չեն իջել, այլ Հայաստանում արդեն առաջին հազարամյակի սկզբից թագադիր ասպետներ և 9-րդ դարի երկրորդ կեսից թագավորած Բագրատունիների արքայական տոհմի կրտսեր ճյուղից են և Վրաստանի գահին, թեև տիրացել են ամուսնական կապի միջոցով, սակայն, Վրաստանում հիմնավորվել են դեռևս ութերորդ դարից և մեծ գործունեություն են ծավալել արաբական տիրապետությունից Վրաստանի ազատագրման համար։

Ընդհանրապես Բագրատունիների տոհմն առաջին հազարամյակի վերջերում ողջ Այսրկովկասում ամենաազդեցիկն էր դարձել:

Նրանք ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ տարածաշրջանում գլխավորել են տեղի ժողովուրդների ազատագրական պայքարը: Որի հետևանքով ստեղծվում են Բագրատունիների շուրջ տասնյակ հզոր իշխանապետություններ։ Որոնցից մի քանիսը նույնիսկ կրում են թագավորի տիտղոսը:

Իսկ երկուսը ՝ Հայաստանի թագավորությունը (885-1045 թթ.) և Վրաստանի թագավորությունը (1008 -1490 թթ․), որի հիմնադիրն էր արդեն Աբխազիայի արքա Բագրատ 3-րդ Բագրատունին, միջազգային ճանաչում և համբավ են ձեռք բերում և բյուզանդական կայսրերի ու արաբական խալիֆների կողմից ստանում են համապատասխան թագեր:

Խոստովանենք, որ հատկապես Վրաստանի թագավորությունն է դառնում տարածաշրջանի քրիստոնյա ժողովուրդների ապավենը:
Վրաստանի միասնական թագավորության տրոհումից հետո առաջացած երեք նոր ՝ Քարթլիի, Իմերեթի Կախեթիի թագավորություններում ևս տարբեր ընդմիջումներով թագավորում են հիմնականում վրացական ուղղափառություն ընդունած Բագրատունիների՝ Բագրատիոնիների և նույնիսկ Հայաստանի մայր տոհմի Բագրատունիներից սերված Տաշիր- Ձորագետի թագավորական Կյուրիկյանների տոհմերը։

Այսպես, 1800 թվականին Վրաստանը Ռուսաստանին է միանում համաձայն Քարթլի-Կախեթիի թագավոր Գեորգի 12-րդ Բագրատիոնու կտակի համաձայն, ով իմացել և խոսել է հայերեն:

Այսինքն՝ Բագրատիոնի դարձած Բագրատունիները չեն ուրացել իրենց նախնիների լեզուն:

Գեորգի 12-ի արքունիքում կարևոր պաշտոններ են վարել հայազգի իշխաններ Դարչի Բեհբությանը՝ Տփղիսի մելիքը , Սուլխան Թումանյանը՝ Տփղիսի մովրովը, Մկրտում Սուրգունյանը՝ Տփղիսի ոստիկանապետը, Հովսեփ Բեհբությանը դեսպան է եղել, Միրզա Աբրահամ Ենիկոլոփյանը՝ դեսպան, Սուլխան Բեկթաբեկյանը՝ փոխկանցլեր, Հովհաննես Կարայանը` արքունի բժիշկ։

Գեորգի 12-ի խնդրանքով Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսը Աղա Մահմեդ խանի կողմից ավերված Տփղիսը վերականգնելու համար նվիրաբերել է 1000 թուման։ Հիշեցնեմ, որ « Տփղիսը» Թբիլիսիի հայկական անվանումն է:
Ցավոք, մեր պատմագրության մեջ առայժմ չկա համեմատական քարտեզագրությունը, որի միջոցով ավելի ակնառու կերևար, որ առաջին հազարամյակի վերջում և երկրորդ հազարամյակի սկզբում ողջ Անդրկովկասը և Հայկական լեռնաշխարհը մասնատված էր Բագրատունիների տարբեր թագավորությունների միջև: Նույնիսկ հեռավոր Կիլիկայում Ռուբինյանները թագավորելու իրենց իրավունքը ապացուցել են Բագրատունիներից սերված լինելու վկայությամբ:
Վրաստանի թագավորությունում հայկական տարրի նշանակությունը կրկին առանձնահատուկ է դառնում 12-րդ դարի վերջում, երբ երկրի ամիրսպալարության (սպարապետության) պաշտոնը, որը երկրորդ դիրքն է եղել թագավորից հետո, ստանձնում են հայազգի Զաքարյանները, որոնք ևս սերվել էին Վասպուրականի Արծրունյաց թագավորական տոհմից:

Սարգիս Զաքարյանը (Սարգիս Մեծ) օգնում է Գեորգի Երրորդ արքային ճնշելու Օրբելիների ապստամբությունը:

Այնուհետև նշանակվում է որպես սպարապետ:

Լոռին դառնում է Զաքարյանների նստավայր:

Ընդ որում, Զաքարյանների տոհմական դամբարանը գտնվում է Սանահինի վանքում:

Հենց Սարգիս Զաքարյանն է սկսում թուրք սելջուկներից, արաբների հետնորդներից և քրդերից Հայաստանի ազատագրման գործընթացը:
Զաքարյանների մեծագույն ներկայացուցիչը եղել է Սարգիս Մեծի որդին՝ Զաքարե Բ Մեծ Երկայնաբազուկը։ Որը բացի Վրաստանի թագավորության սպարապետ լինելուց կոչվել է նաև Շահնշահ և թագավոր Հայոց , Կեսարոս, Ինքնակալ։ Որովհետև կարողացել էր ազատագրել համարյա ողջ Մեծ Հայքը` Անին, Սյունիքը, Արցախը, Բասենը, Վանանդը:

Գրավել էր նույնիսկ Թավրիզը:

Երկրի մայրաքաղաքը՝ իր նստավայրն էր դարձրել Անին։ Պետությունը բաժանել էր վարչական տարարծքների՝ Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի տերերի գլխավորությամբ:
Հարկ է նշել, որ նման պետականաշինարար գործունեություն հարիր է միայն հզոր արքաներին։

Զաքարե Մեծը իրավամբ մի շարքում է Արտաշեսյաններից Արտաշես Մեծի, Արշակունիներից Տրդատ Մեծի, Բագրատունիներից Աշոտ Մեծ Ողորմածի:

Նույնիսկ փառապանծ Մամիկոնյանները գալիս են Զաքարյանների անվտանգ Հայաստանը և Դսեղը ստանում որպես նստավայր:
Ցավոք, պատմագրությունը այս ֆենոմենալ երևույթը միակողմանի է բացատրում:

Զաքարյանների Անիի թագավորությունը ներկայացնում է որպես Վրաստանի թագավորության մաս: Այն դեպքում, երբ այդ ժամանակաշրջանում են ստեղծվել վաղ միջնադարյան քարակերտ արվեստի հայաստանյան բազմաթիվ գլուխգործոցներ, գործել են համալսարաններ և այլն: Որոնք կարող էին գոյություն ունենալ միմիայն հզոր և ինքնաբավ թագավորության ժամանակ: Եվ այս ամենը կրկին ապացուցում է, որ Վրաստանի թագավորությունը հայերիս համար եղել է հայ- վրացական թագավորություն:
Ինչ խոսք, հասկանալի է, որ Վրաստանի Բագրատունիները արդեն կրում էին Հայաստանի Բագրատունիների և Արծրունիների արքայական արյունը, Վրաստանի և Աբխազիայի նախորդ արքայական տոհմերի արյունը և իրավմամբ համարվում էին ողջ Անդրկովկասի տարածքի իրավական ժառանգորդը։ Այո, հենց այդ պատճառով էլ Զաքարյանների Հայաստանը համարվել է վասալական կախման մեջ Վրաստանից:

Որովհետև աշխարհը ճանաչել է Բագրատունիների արքայական իրավունքը Հայաստանի նկատմամբ դեռևս հեռավոր իններորդ դարում: Եվ այդ իրավունքը միջնադարյան Հայաստանում ոչ ոք չի վիճարկել:
13-րդ դարում Վրաստանի թագավորության սպարապետությունը անցնում է Զաքարյաններից սերված Արղության Երկայնաբազուկներին: Որոնց դամբարանը նույնպես գտնվում է Սանահինի վանքում: Այս տոհմը հաջողությամբ դիմակայում է երկրորդ հազամյակի բոլոր փորձություններին և նույնիսկ 19-րդ դարի ընթացքում, երբ Վրաստանը արդեն միացել էր ռուսական կայսրությանը, Թիֆլիսի քաղաքագլուխներ են եղել Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկը, Ալեքսանդր Արղության-Երկայնաբազուկը:
Ընդ որում, պետք է նշել, որ Արղությանները նույն Զաքարյաններն են: Որոնք պարզապես չէին կարող անտեսել ո՛չ աշխարհակալ մոնղոլական կայսրության մեծ խանից՝ Արդուխանից ստացած «արղութ» (թիկունք, կռնակ) տիտղոսը, ո՛չ էլ Անդրկովկասի ժառանգական տերեր Բագրատունիներից ստացած «մխարգրձելի» ( երկայնաբազուկ) տիտղոսը:
Այդպիսի հարգանք կար միջնադարյան ասպետության մեջ արքաների նկատմամբ: Եվ Զաքարյանները

(Արղության-Երկայնաբազուկները), կարելի է ասել, եղել են ասպետության իդեալներ միջնադարյան Անդրկովկասում:
Վրաստանի Հերակլ Երկրորդ թագավորը 1783 թվականի երկլեզվյա (հայերեն և վրացերեն) հրովարտակի մեջ

Արղության-Երկայնաբազուկների մասին նշել է ․

«…Արղութեանցն, որք են Երկայնաբազուկք, զի են միջոյ Սօմխեթու, այսինքն Հայաստանու և Իվերայու, այսինքն Վրաստանու, ազգ մեծ երևելիք, որպես վկայեն պատմագիրքն մեր…»:
Հարկ է հետևություն կատարել նաև այն փաստից, որ Վրաստանի թագավորի հրովարտակը երկլեզվյա է՝ հայերեն և վրացերեն: Այսինքն հայերենը Վրաստանի թագավորությունում եղել է պետական լեզու՝ վրացերենին համահավասար:
Զաքարյանները, Արղությանները, ի տարբերություն թագավորական Բագրատունիների, պահպանել են նաև հայ առաքելական կրոնադավությունը:

Բագրատունիները, որոնք ընդունել էին ուղղափառությունը և մկրտվել որպես Բագրատիոնի, երևի նաև այդ պատճառով են հետագայում վրացի համարվել:

Սակայն, ամեն դեպքում, պետք է նշել նրանց խիստ ջերմ վերաբերմունքը հայության և Հայաստանի նկատմամբ: Որը, իհարկե, բխել է իրենց նախնիների պանծալի հիշատակների գնահատմամբ ու հարգանքով:
Վրաստանի Բագրատունիների հայ-վրացական թագավորության մեկ այլ հուժկու փաստարկ է Թիֆլիսի (Թբիլիսիի) բնակչության էթնիկ կազմի վիճակագրությունը

19-րդ դարում:
ՈՒշադրություն: 1803 թվականին, երբ Վրաստանի թագավորությունը նոր էր միացել Ռուսաստանի կայսրությանը, մայրաքաղաք Թբիլիսիի բնակչության 92, 6 %-ը հայերն էին : Իսկ 12-րդ դարից, երբ մայրաքաղաքը դարձել է Տփղիսը (հայերս այդպես ենք Թիֆլիսին անվանել), մինչև 1917 թվականի Կարմիր հեղափոխությունը Թբլիսիի 47 քաղաքապետներից 45-ը եղել են հայերը:
Հնարավո՞ր է արդյոք, երբ մի պետության թագավորների ու սպարապետների տոհմերը հայկական ծագում ունենան, մայրաքաղաքի քաղքապետերին ութ դարերի ընթացքում նշանակեն բացառապես հայերի, մայրաքաղաքի բնակչությունը բացառապես հայեր լինեն, որ մոռացվի այդ պետության հայկականությունը:

Միայն սովետական պատմագրության մեջ է նման բան հնարավոր:
Իսկ Ռուսական կայսրության կազմում 19-րդ դարի ընթացքում Թբիլիսիում ավելանում են վրացիների, ռուսների, հրեաների, ադրբեջանցիների և այլ ազգությունների քանակն ու փոխարենը նվազում է հայերի տեսակարար կշիռը:

1846 թվականին հայերը կազմում էին բնակչության 75,4 %-ը: 1864 թվականին կեսից պակաս էին ` 47, 4 %-ը:

Իսկ 1897 թվականին Թբիլիսիի 159 590 բնակչից, հայերը, թեև, բոլոր ազգություններից դեռ շատ էին, սակայն ընդամենը

47 137-ը, և կազմում էին բնակչության 30 %-ը:
Ահռելի մշակութային ժառանգություն են ստեղծել հայերը Վրաստանում: Քաղաքաշինության, արդյունաբերական և առևտրային գործունեության ասպարեզներում հայտնի էին Մանթաշովը, Արամյանցը, Միրզոյանցը, Ղուկասովները և ազգությամբ հայ այլ երևելի անհատներ։
Գորի քաղաքը հիմնել են դեռևս տասնմեկերորդ դարում Անիից տեղափոխված հայերը: Եվ այն Տփղիսին զուգահեռ եղել է երկրորդ հայաբնակ խոշորագույն կենտրոնը:
Ծնունդով Թբիլիսիից են Սայաթ-Նովան և Արամ Խաչատուրյանը, Փարանջանովն ու Ռուբեն Մամուլյանը, նկարիչներ Բաշինջաղյանն ու Ներսիսյանը, Հովնանթյանների ընտանիքը, Գայանե Խաչատրյանը, գրողներ Նար-Դոսը, Գաբրիել Սունդուկյանը: Այստեղ են ապրել և գործել Ղազարոս Աղայանը, Հովհ. Թումանյանը և Րաֆֆին:
Ներսիսյան ճեմարանում են սովորել Խաչատուր Աբովյանն ու Պերճ Պռոշյանը, Սողոմոն Թեհլերյանն ու Անաստաս Միկոյանը:
Իշխան Լոռիս-Մելիքովը եղել է ռուսական կայսրության ներքին գործերի նախարար:
7-19-րդ դարերում հայերը Վրաստանում կառուցում են շուրջ 600 հայ առաքելական եկեղեցիներ:

1780 թվականից Թբիլիսիում գործում էր Խոջիվանքի հանրահայտ պանթեոնը, որտեղ հուղարկավորվում էին հայ իշխանները, խոշոր եկեղեցակնները, մշակույթի երևելիները:
Թբիլիսում հրապարակվել են շուրջ երկու հարյուր հայալեզու թերթեր: Գործել է Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը և այլն, այլն:
Շուրջ հազար տարվա ընթացքում հայ-վրացական միասնական թագավորության օրինակով արտառոց եղբայրության էության հետագա կեղծումը և խեղաթյուրումը բացարձակապես ձեռնտու չէ ո՛չ հայերին, ո՛չ վրացիներին: Որովհետև ձևավորվել էր մեր երկու քրիստոնյա ժողովուրդների Գոյաբանական Կոդի կարևորագույն հիմքը՝ միասնական պայքարը և միասնաբար գոյությունը։ Այն խաթարվել է այսօր և մենք ականատես ենք լինում թուրք-ազերական հորդայի կողմից Վրաստանի տնտեսական գրավմանը, նույն հորդայի կողմից Հայաստանի դեմ պատերազմով հաջողությունների հասնելուն։ Մինչդեռ շուրջ հազար տարի երկու ժողովուրդները՝ միավորելով իրենց ուժերն ու նպատակները, հաջողությամբ գոյատևում էին և նույնիսկ ակնառու առաջընթաց ապրում։
Թե ի՞նչ նպատակով էին կոմունիստական ղեկավարները հայերի ու վրացիների ապացուցված բարեկամությունը, եղբայրությունը ջնջել ու էժանացրել՝ ընդհուպ հավասարության նշան դնելով եկվոր և թշնամի ազերի-թուրքական տարրի հետ, թողնում ենք հետագայի պատմաբաններին: Սակայն այսօր պարզ է, որ չի կերտվել հոմո սովետիկուս մարդը և բոլոր ազգությունները պահպանում են իրենց էթնիկ հիշողությունը։ Ընդ որում, եկվորները ցանկանում են անընդհատ նորանոր տարածքներ գրավել, յուրացնել տեղացիների մշակույթը, ընդհուպ նրանց ֆիզիկական բնաջնջմամբ։
Մյուս կողմից մեզ՝ հայերիս, պարտադրվել է շուրջ յոթ-ութ հարյուր տարիներ պետականություն չունեցողի, պետականաշինարար չլինողի, պետական մտածողության բացակայության սխալ հոգեբանությունը։
Այնինչ իրականում մենք լավ գիտենք պետականաշինության բոլոր նրբություններն ու առանձանհատկությունները։ Բնականաբար այդ «մենքի» մեջ չեն մտնում վերջին երեսուն տարիներին օտարների կողմից իշխանության բերված խեղկատակները, որոնց նպատակն էլ մեզ մեզնից հիասթափեցնելն ու միմյանցից բաժանելը եղավ։
Մյուս խիստ կարևոր խզումը մեր Գոյաբանական Կոդի հիմքերից նրանում էր, որ մենք միշտ եղել ենք աշխարհին և ընդհանրապես քաղաքակրթությանը զարգացման ու առաջընթացի վեկտոր՝ ուղղություն առաջարկող։

Չմոռանանք, որ մինչև հելլենիզմը արիականության գաղափարի, արարման ու արի լինելու կենսակերպի տարածողներն ենք եղել Հին Աշխարհում։

Չմոռանանք, որ առաջինը քրիստոնեություն ընդունելով, այն տարածել ենք նաև մեր հարևան ժողովուրդների շրջանում։ Չմոռանանք, որ ժամանակին աշխարհի մեծագույն լեզվաբան Մաշտոցը, բացի հայերենից, այբուբեններ է ստեղծում նաև հարևան վրացիների ու աղվանների համար։
Մենք ոչ թե պարտադրել ենք նրանց մեր այբուբենը, ինչպես հռոմեացիները տարածել են լատիներենը, արաբները՝ իրենց այբուբենը, ռուսները՝ կիրիլիցան, այլ ստեղծում ենք իրենց լեզվին համահունչ այբուբեն։

Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը, երևի, աշխարհի մեծագույն հումանիստներից մեկը պիտի համարվի։

Ցավոք, առայժմ աշխարհը լռում է հումանիզմի այդ վեհ դրսևորման մասին։
Չմոռանանք նաև, որ երբ Եվրոպայի ինկվիզիցիայից փախած և Անգլիայում կուտակված առևտրական հրեաները Բրիտանական կայսրության ռազմանավատորմով փակեցին Պարսկաստանի և Հնդկաստանի հայ մեծահարուստ վաճառականների ծովային ուղիները, ապա մենք ռուսական կայսրությանն առաջարկեցինք Մետաքսի արևելյան նոր ցամաքային ճանապարհ։

Եվ 19-րդ դարում, քանի դեռ ռուսների արևելյան քաղաքականության խորհրդատուները հայ ազնվականությունն ու վաճառականությունն էր, Ռուսաստանը աներևակայելի հաջողություններ ունեցավ Կովկասում և Միջին Ասիայում։ Հետագայում, երբ Մոսկվայի էլիտար շրջանակների

(քաղաքական որոշումներ ընդունողների) էթնիկ կազմը փոփոխվեց, ապա սկսվեց ռուսական կայսրության անկումն ու թուլացումը։
Եվ մեր օրերում էլ այդ նահանջը շարունակվում է ի վնաս Ռուսաստանի և կովկասաբնակ քրիստոնյա ժողովուրդների։ Իհարկե, այսպես եղավ նաև ՀՀ ղեկավարների, մոսկովյան հայ էլիտար շրջանակների անգիտության և էժանագին չարչիությանը տուրք տալու պատճառով։
Աշխարհաքաղաքական զարգացումները սպիրալաձև են իրականանում և հուսանք, որ նման սրընթաց անկմանը կհաջորդի հիմնավոր վերելքի ժամանակաշրջան՝ արիական ժողովուրդների եղբայրությամբ ու դաշինքով։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 5986

Մեկնաբանություններ